Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից հայկական «Իշխան» ձկնատեսակի վրա սեպտեմբերի 27-ից դրվող արգելանքը վերաբերում է միայն «Ակվատեխավտոմատիկա» ընկերության արտադրանքին, ոչ թե բոլոր հայկական ընկերություններին: Ընդ որում՝ իր «դժբախտության» մեջ «Ակվատեխավտոմատիկա»-ն միայնակ չէ. սեպտեմբերի 20-ից արգելվել է նաև հայկական «Դմիտրի» ընկերության ձկնամթերքի մատակարարումը ՌԴ:
«Ռոսսելխոզնադզորի» լրատվական ծառայության ներկայացուցիչը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ ընդհանրապես շարունակվում է Հայաստանից Ռուսաստան և՛ հայկական ձկնամթերքի, և՛ խեցգետնի մատակարարումը:
Հիշեցնենք, որ այս 2 ընկերությունների արտադրած «Իշխան» ձկնատեսակում հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ:
«Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցչի խոսքով` ստուգումները կատարվել են սահմանին, իսկ իրացման ցանցում բացառվում է ձկան աղտոտումը: Նա նշեց, որ դեռ 3 ամիս առաջ այս ընկերությունների համար հայտարարվել էր կարանտին, որի ընթացքում ստացվող ձկան բոլոր խմբաքանակները ստուգվում էին: Ընդհանրապես, եթե կարանտինի ժամանակ միկրոբային աղտոտվածության տեսանկյունից ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվում, ապա անցում է կատարվում սովորական մոնիթորինգի, երբ ոչ բոլոր խմբաքանակներն են ստուգվում: Սակայն կարանտինի շրջանում կրկնակի են ցուպիկներ հայտնաբերվել, և այդ պատճառով էլ հայկական տվյալ 2 ընկերությունները հայտնվել են «սև ցուցակում»:
«Այժմ ժամանակավոր սահմանափակումներ կկիրառվեն, իսկ թե որքան դա կտևեի` կախված է հենց ընկերություններից և ՀՀ սննդի անվտանգության ծառայությունից»,- ասաց «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը՝ հավելելով, որ բակտերիաները ձկան մեջ կարող էին հայտնվել փոխադրման ժամանակ:
Նա նաև նշեց, որ դիմել են Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով ստուգումներ իրականացնել այդ ընկերություններում: Երբ ձեռնարկությունը որոշակի քայլեր կձեռնարկի՝ խախտումները վերացնելու համար, իսկ հայկական ծառայությունը նամակ կհղի ռուս գործընկերներին` միջնորդելով վերսկսել մատակարարումները և ներկայացնելով մթերքի անվտանգ մատակարարման երաշխիքներ, այդ ժամանակ կվերսկսվեն մատակարարումները:








































