Պակիստանի արտգործնախարարությունը կանչել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռիչարդ Հոգլանդին, որին բողոքի նոտա են հանձնել՝ կապված համացանցում տեղադրված ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետ: Ինչպես հաղորդում է Dawn-ը, դիվանագետից նաև պահանջել են, որպեսզի ԱՄՆ իշխանությունները հեռացնեն ֆիլմը YouTube վիդեոհոսթինգից և սոցիալական ցանցերից:
Պակիստանյան գերատեսչությունում Հոգլանդին ասել են, որ ֆիլմի ստեղծումն իրենք հավասարեցնում են «մեկուկես միլիարդ մուսուլմանների վրա հարձակման հետ, ինչպես նաև դա համարում են կանխամտածված և չարանենգ գործողություն, որը տարբեր դավանանքի մարդկանց բռնության և ատելության կոչ է անում»:
Պակիստանի իշխանությունների դեմարշի հետ կապված համապատասխան հայտարարություն է հրապարակվել Իսլամաբադում ԱՄՆ դեսպանատան կայքում: Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պակիստանի ԱԳՆ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանություններն արդեն խստորեն քննադատել են հակաիսլամական ֆիլմը: Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը որևէ կապ չունի ֆիլմի ստեղծման հետ:
Բացի այդ, հաղորդագրության մեջ ասվում է, որ Հոգլանդը կրկնել է Պակիստանի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆի ուղերձը բնակչությանը՝ խնդրելով իրենց բողոքը հակաիսլամական ֆիլմի դեմ արտահայտել խաղաղ ցույցերով:









































