Time Turk-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Բինգյոլում (Բյուրակն) նախ սպանեցին 8 ոստիկանի, ապա նաև 10 զինծառայողի, թուրքական հատուկ ծառայությունները լուրջ հետաքննություն են անցկացրել, որի արդյունքներն անակնկալ են եղել նրանց համար:
Պարզվել է, որ թուրք իրավապահների ու զինծառայողների վերացման գործողության ժամանակ PKK-ի զինյալներն օգտվել են իսրայելական արտադրության գերժամանակակից լրտեսական սարքավորումից: Վերջինս քուրդ զինյալներին հնարավորություն է տվել գաղտնալսել հաղորդագրությունները և հետախուզական գործունեություն ծավալել՝ նախքան պլանավորված օբյեկտների վրա հարձակում գործելը:
Իսրայելական Tadiran Telecom ընկերության շուրջ 95 լրտեսական սարքերը քուրդ զինյալներին հնարավորություն են տվել գաղտնալսել Թուրքիայի հատուկ ծառայությունների ու իրավապահների խոսակցությունները, այդ թվում` նաև բջջային, իմանալ նրանց պլանների մասին և դարանակալել նրանց:
Նշվում է, որ ողջ բինգյոլյան օպերացիան կազմակերպվել է 5 ամսվա ընթացքում, և որ քուրդ զինյալները հստակ իմացել են, թե երբ և որտեղ կհայտնվի թուրքական ոստիկանական կամ ռազմական շարասյունը, և ինչպիսին կլինի նրա թվաքանակը: Նաև նշվում է, որ իսրայելական այդ ընկերությունն իր մասնաճյուղն ունի Ադրբեջանում, որտեղից էլ լրտեսական սարքերն Իրանի տարածքով հայտնվել են Հյուսիսային Իրաքում բազավորված քուրդ զինյալների մոտ:








































