Շվեյցարական դաշնային երկաթուղիները (SBB) Apple-ին մեղադրել են երկրի երկաթուղային կայարաններում գործածվող ժամացույցների դիզայնը պատճենելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Tages-Anzeiger հրատարակությունը:
SBB-ի կարծիքով՝ iOS 6 օպերացիոն համակարգով iPad պլանշետների «Ժամացույցներ» հավելվածում ներդրված ժամացույցի սլաքներն ու թվատախտակը գրեթե չեն տարբերվում շվեյցարական երկաթուղային ժամացույցներից:
SBB-ի ներկայացուցիչը Tages-Anzeiger-ի հետ հարցազրույցում հայտնել է` իրենք ուրախ են, որ Apple-ն ուշադրություն է դարձրել իրենց ժամացույցների վրա, և միաժամանակ զայրացած են, որ ընկերությունը լիցենզիայի համար իրենց չի դիմել: Ընկերությունը մտադիր է Apple-ից դրամական փոխհատուցում պահանջել:
Apple-ի շվեյցարական մասնաճյուղի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից;
Շվեյցարական երկաթուղային ժամացույցները, որոնք դարձել են երկրի խորհրդանիշներից մեկը, նախագծվել են 1944 թվականին` SBB-ի աշխատակից Հանս Հիլֆիկերի կողմից: Դիզայնի իրավունքը պատկանում է SBB-ին:
Ժամացույցները հայտնի են նրանով, որ րոպեները ցույց տվող սլաքի մեկ շրջանը կազմում է ոչ թե 60, այլ 58,5 վայրկյան: Շրջանն ավարտելուց հետո այն կես վայրկյան կանգ է առնում, որից հետո շարունակում շարժումը:









































