Ծայրահեղականները օգտագործել են «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի շահերի դեմ հարձակումներն արդարացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Անցած շաբաթ համացանցում ֆիլմի թրեյլերի հայտնվելուց հետո Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ և հարձակումներ ամերիկյան դեսպանատների վրա:
Անհայտ անձինք սեպտեմբերի 11-ին նռնականետերից կրակ էին բացել Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության շենքի ուղղությամբ: Զոհվել էին Լիբիայում ԱՄՆ դեսպան, 52-ամյա Քրիս Ստիվենսը, դեսպանատան տեղեկատվական դեպարտամենտի աշխատակից Շոն Սմիթը ու ևս երկու նախկին հատուկջոկատայիններ` Թայրոն Վուդսն ու Գլեն Դոգերթին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք գիտենք, որ տեսանյութի հայտնվելուց հետո սկսված բողոքի ակցիաները ծայրահեղականների կողմից օգտագործվել են` ստուգելու, կարո՞ղ են նրանք արդյոք վնաս հասցնել ԱՄՆ-ի շահերին… ԱՄՆ-ն պետք է շարունակի հետաքննել հարձակումների հանգամանքները։ Եգիպտոսի և Լիբիայի իշխանությունները հաստատել են այդ հարցում լիարժեք համագործակցության մտադրությունը»,- ասել է Օբաման` Մայամիի համալսարանում նախընտրական միջոցառման ժամանակ:
Նախագահը հրաժարվել է խոսել հետաքննության ընթացքից, ինչպես նաև չի հաստատել, որ այդ հարձակումների հետևում կանգնած է Ալ-Քաիդան: «Մենք դա դեռ չգիտենք»,- ասել է նա:
Այսօր մի շարք արևմտյան երկրներ, մասնավորապես Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ժամանակավորապես փակում են մուսուլմանական երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները` ուրբաթօրյա աղոթքից հետո հնարավոր անկարգությունների պատճառով:








































