«Ես պահանջում եմ, որ ինձ դատեն և դատեն ՀՀ-ում: Խոստանում եմ, որ վաղեմության հայց չեմ ներկայացնելու: Մանավանդ, ասում են, որ հիմնավոր, ծանր փաստեր կան: Դատեք: Բաց դատ արեք` լրագրողներով, բնապահպաններով, եթե այդքան փող ունեն, թող ուղիղ եթեր էլ հեռարձակեն: Վախենում են գրանտից զրկվե՞ն: Դատեք ինձ, դատվել եմ ուզում: Եկեք ասեք` պարոն Այվազյան, կաշառք ես ուզել: Թողնենք դրսի արդարադատությունը, նրանք իրականացնում են արդարադատությունն իրենց օրենքների համաձայն, ոչ թե միջազգային, քանի որ միջազգային արբիտրաժը մերժել է Վ. Այվազյանի` կողմ լինելու հանգամանքը և գործը փորձել է շարունակել երեք հայտնի բաժնետերերի հետ: Ու եթե ես չեմ սխալվում, նրանք ասել են, որ ցանկություն չունեն գործը շարունակելու: Հանքը ստեղ ա, աշխատանքները ստեղ են կատարվել, դուք վիճարկում եք դա. ստեղ դատի տվեք: Էս երկրին չես հավատում, ինչի՞ ես եկել էս երկիր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախկին նախարար, ներկայումս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Խնդիրը, բնականաբար, վերաբերում է «Գլոբալ Գոլդ կորպորացիա» ընկերություն-Վարդան Այվազյան ծավալվող հակամարտությանը: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Հարավային Շրջանի դատարանը 2012 թվականի հուլիսի 10-ին կայացրել է որոշում (ուժի մեջ է մտել 2012թ.-ի օգոստոսին), որով ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գործող նախագահ, 2001-2007թթ. հատվածում ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանից դատարանը հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տուգանք է նշանակել 37.5 միլիոն դոլար:
«Թեղուտի հանքարդյունաբերության լիցենզիան Այվազյանը չի տվել, երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիան Այվազյանը չի տվել»,- ընկերության և իր վեճի մասով մամուլի վերջին հրապարակումներին անդրադառնալով` հայտարարում է նա: Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է հենց իր անունը շոշափվում, պատասխանում է. «Էդ էլ իրենց հարցրեք: Ով փողը տվել ա, որպեսզի Այվազյանի անունը տան…»: Մեղադրանքը կոնկրետացնելու մեր խնդրանքին, նա հակադարձեց. «Ինչի՞, իրենք կարող են ենթադրություն անել, ես չէ՞»: Այվազյանը հիշեցնում է, որ հանքերի շահագործման լիցենզիա ինքն ընդհանրապես չի տրամադրել, քանի որ նման իրավասություն չի ունեցել: Այն տրամադրում է տնտեսական զարգացման նախարարությունը: Իր նախարար եղած ժամանակ Վարդան Այվազյանը դիմել է ՀՀ ԱԱԾ նախարար Գորիկ Հակոբյանին` Հայաստանում գրանցված մի շարք ընկերությունների միակ սեփականատեր «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության գործունեությունը ստուգելու համար, քանի որ վերջիններս, ըստ նախկին նախարարի, ապօրինի գործողություններ են կատարել Սևանում` ուրանի որոնողական աշխատանքների համար. «18 թերթով զզուշացրել ենք, բանի տեղ չեն դրել»: 2007-ին Այվազյանը դիմել է նաև հարկային պետական տեսչության պետին` ընկերության ներդրումները ստուգելու համար, քանի որ ուսումնասիրությունների համաձայն` աշխատանքներ չեն կատարվել:
«Վերը նշված ամերիկյան ընկերության անունից Հայաստանում հանդես է գալիս գործարար Վան Գրիգորյանը: Նա իրականացնում է գործունեության մի ձև, որի արդյունքում Հայաստանի ընդերքում առկա ոսկու հանքերի երևակումները ուսումնասիրելու անվան տակ ձեռք է բերում հանքային իրավունքներ և չի կատարում երկրաբանահետախուզական աշխատանքներ: Վ. Գրիգորյանն իրականում զբաղվել է իրեն պատկանող հանքային իրավունքները վերավաճառելով, հանքային իրավունք ունեցող այլ ընկերությունների բաժնեմասեր գնելով: Արդյունքում` երկար տարիներով հետաձգվել է շահագործումը` Մարջանի և Հանքավանի տնտեսության զարգացման համար բացասական հետևանքներով»,- գրված է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին հասցեագրված Վարդան Այվազյանի նամակում, որը երեկ «Առավոտի» հարցերից վրդովված` վերջինս տրամադրեց մեզ: Նամակում Գորիկ Հակոբյանին նաև ծանուցվում է, որ Վան Գրիգորյանը մասնակցություն ունի նաև «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի, Թուխմանուկ, Տերտերասար և Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրերը վաճառելու հետ կապված գործարքներին. «Հաշվի առնելով վերոգրյալը, նաև այն, որ «Գետիկ մայնինգ քոմփանի» ՍՊԸ-ն չունենալով համապատասխան թույլտվություն, այնուամենայնիվ, շարունակում է իր ապօրինի գործունեությունը, իսկ ուրանը համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածո և համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի` ուրանի մասին տեղեկատվությունները գաղտնի են, խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- գրել է Վարդան Այվազյանը:
Իսկ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հետ վեճի մասով նաև այսպիսի փաստեր բերեց. «Մեր հարգելի, միջազգային ասպարեզում հայտնի «քցող» գործընկերները ունեցել են երկու ուսումնասիրություն իրականացնելու լիցենզիա: Մեկը` Հանքավանում, որը ավարտվում էր 2004-ի դեկտեմբերի 31-ին, մյուսը` Մարջանի հանքավայրում, 2009-ի ապրիլի 22-ին»: Հանքավանի հանքում երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացնելու լիցենզիան երկարաձգվել է մեկ տարով: Այվազյանը պնդում է, որ ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել, ինչի մասին կա նաև համապատասխան հանձնաժողովի արձանագրությունը, որը որևէ անգամ վարչական վարույթով չի անցել: Ի դեպ, հանձնաժողովի արձանագրության տակ կա նաև ընկերության տնօրենի ստորագրությունը:
Վ. Այվագյանի՝ «Առավոտին» ներկայացրած փաստաթղթում արձանագրված է. «Աշխատանքները դադարեցված են բարդ լեռնատեխնիկական պայմանների պատճառով, որոնց շարունակելը կարող էր բերել մարդկային զոհերի: Նմուշարկման նախատեսված ծավալներից չի վերցված ոչ մի նմուշ: Վերականզնողական աշխատանքները կատարված են միայն ձեռքով: (…) Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրում ուսումնասիրության համար ստեղծված հանձնաժողովը պարզեց, որ Հանքավանի հանքավայրի տարածքում «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ն երկրաբանահետախուզական աշխատանքներ չի իրականացնում»: Այս արձանագրության տակ նույնպես կա ընկերության պատասխանատուի ստորագրությունը: Այս ամենն ի նկատի ունենալով` Այվազյանը հարց է հնչեցնում. «Ո՞վ իմ տեղը լիներ, որպես նախարար, 2005 թվականից թույլատրեր, որպեսզի նրանք շարունակեն իրենց աշխատանքը: Այ, սրա համար են ինձի դատի տվել ու ասում են, որ Վարդան Այվազյան ֆիզիկական անձը 37.5 միլիոնի տուգանք պետք է վճարի… ոմանք էլ կարծում են, թե 37.5 միլիոն փող եմ վերցրել»:
ՀՀ բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության եզրակացության մեջ էլ ասվում է, որ ընկերությունն իր աշխատանքների արդյունքը նկարագրել է խորհրդային տարիներին եղած տեղեկատվության հիման վրա, և թարմ տեղեկատվություն չկա: Մարջանի հանքավայրի մասով էլ բնապահպանության նախկին նախարարը նկատում է. «Մարջանի բազմամետադային երևակումը, որովհետև դեռ ինքը հանքավայր չի դարձել, որովհետև չունի հաստատված պաշար, մինչև այսօր գտնվում է «Գլոբալ Գոլդ» կազմակերպության իրավասության ներքո: 27.04.2006-ին բնապահպանության նախարարության կազմակերպության կողմից` նախարարի հանձնարարականով, ուսումնասիրություն է եղել, եզրակացության մեջ ասվում է. «27.04.2006-ի դրությամբ հանքերևակում աշխատանքներից ոչինչ կատարված չէ»: Մինչդեռ, եթե հիշողությունս չի դավաճանում, 2004-ին են իրենք սա ստացել: Այս եզրակացությունը հաստատել է նաև իրենց` «ՍՀԱ» ՍՊԸ-ի երկրաբանը` 05.05.06-ի դրությամբ: Իրենց պատճառաբանություններից մեկն այն էր, որ տարածքը ականապատված է, այդ պատճառով էլ չեն կարողացել աշխատանքներ իրականացնել: Իրենց երկրաբանը ձեռագիր գրել է` ռուսերեն լեզվով. իրենք հինգ նմուշարկում են կատարել, մինչդեռ պարտավոր էին 30 հազար տոննա փորձնական նմուշի հանքաքար տանել: Մեկ տարի հետո կատարված ուսումնասիրությամբ դարձյալ արձանագրվել է, որ հանքերևակում աշխատանքներից ոչինչ կատարված չէ, տեղանքը ականապատված չէ, և որևէ խոչընդոտ չկա տեղանք այցելելու համար: Ստորագրել է նաև Յուրի Լալազարյանը` «Գլոբալ Գոլդ» կազմակերպության տնօրենը»:








































