Վրացի ազգը փողոցներում, երթուղային տաքսիներում ողբում է երկու օր առաջ լրատվամիջոցներում հրապարակված Գլդանի բանտի տեսանյութերում ականատես դարձած երևույթների պատճառով: Ժողովուրդն արդեն չի հավատում, ատում է գործող իշխանությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» ՀԿ ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ անդրադառնալով ամբողջ աշխարհը ցնցած Գլդանի սկանդալին:
Նա նշեց, որ Վրաստանում վաղուց գիտեին և խոսում էին բանտերում բռնությունների մասին, դրանց մասին ահազանգում էին միջազգային կառույցները, ուշադրություն հրավիրում այդ երևույթների ուղղությամբ, սակայն բոլոր ահազանգերն անարձագանք էին մնում մինչև մի օրում նման սկանդալ բարձրացավ: Առնոլդ Ստեփանյանի գնահատմամբ՝ մի օրվա մեջ իշխանությունների նկատմամբ այնքան մեծ բացասական վերաբերմունք առաջացավ, որ հնարավոր է իշխանության պետական համակարգը փլվի, այսինքն՝ շատ մեծ ռիսկ կա, որ այդ համակարգը կփլուզվի:
Ջավախահայի խոսքով՝ ժողովուրդը շատ բացասական է տրամադրված, ցասումը չափազանց մեծ է: «Պետք է տեսնել, թե ինչ է կատարվում Վրաստանում, մարդիկ փողոցում լացում են, ժողովուրդը լացում է: Կասկածում եմ, որ այս երեք օրերից հետո իշխանությունը կարողանա լուրջ ձայներ հավաքել ընտրություններին»,- նման կարծիք հայտնեց Առնոլդ Ստեփանյանը՝ շարունակելով, որ այս պետական համակարգի քաղաքականության մասին է խոսում նաև այն, որ Ախալքալաքում հայերը չգիտեն, թե ամբողջ Վրաստանում ինչ սկանդալ է բարձրացել. այնտեղ մարդիկ ինֆորմացիոն շրջափակման մեջ են:
Առնոլդ Ստեփանյանի համոզմամբ՝ կարևորն այն է, որ Վրաստանը կարողանա ունեցած դրականը պահպանել և բացասականը շատ շտապ կոնկրետ քայլեր իրականացնելով վերացնել: Մի շարք փոփոխություններ իրականացվել են, որոնք այս պահին Առնոլդ Ստեփանյանը ճիշտ համարեց:
Հիշեցնենք, որ երեկ վրացական լրատվամիջոցներում տարածվեցին գաղտնի տեսագրված նյութեր, որոնցում պարզ երևում է, թե ինչպես են բանտի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղրում, բռնությունների ենթարկում և բռնաբարում բանտարկյալներին:








































