Իրանական PressTV-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆիրիդուն Աբբասին հայտարարել է` եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա, ապա դրա պատասխանատվությունը կկրի ԱԷՄԳ-ն.
«ԱԷՄԳ-ին Իրանի ներկայացրած տեղեկությունները հայտնվում են մի շարք կառույցների տրամադրության տակ` մինչ դրանք դրվում են ԱԷՄԳ-ի ընդհանուր նիստերի քննարկմանը: Մենք իրազեկված ենք, որ մի շարք կառույցներ կարողանում են ստանալ Իրանի հատուկ հաշվետվությունները` մինչ Յուկիա Ամանոն կներկայացնի իր հաշվետվությունն ԱԷՄԳ-ի նիստի ժամանակ:
Եթե պարոն Ամանոն հետագայում նույնպես անուշադրության մատնի գաղտնի տեղեկատվության չտրամադրման մեր պահանջները, ապա նա պատասխանատվություն կկրի Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ահաբեկչության կամ ռազմական հարձակման ընթացքում հնարավոր վնասի համար:
ԱԷՄԳ-ին Իրանի ներկայացրած գաղտնի տեղեկատվությանը մուտք ունեցող կառույցների մեծ մասը գործունեություն է ծավալում իսրայելական հատուկ ծառայությունների ներքո: Իրանն ամենայն լրջությամբ դիմել է Ամանոյին՝ պահանջելով հրաժարվել ԱԷՄԳ-ի ընդհանուր նիստերում Իրանի ներկայացրած գաղտնի տեղեկատվության հրապարակումից:
Հաշվի առնելով այն, որ մի շարք երկրներ թշնամական դիրքորոշում են որդեգրել Իրանի հանդեպ՝ Ամանոն պետք է ավելի պատասխանատվությամբ մոտենա իր պարտականությունների կատարմանը»:









































