Բենղազիի ոստիկանությունը հրաժարվում է ծառայել նոր պետի հրամանատարության ներքո: Այս մասին գրում է տեղի իշխանամետ Libya Herald պարբերականը: Նախկին ապստամբները մարտահրավեր են նետում Տրիպոլիին՝ հրաժարվելով ենթարկվել գնդապետ Սալահ Դոգհմանին: «Սա շատ վտանգավոր է: Դուք գալիս եք ոստիկանություն և այնտեղ ոստիկան չեք գտնում… Նրանք ինձ թույլ չեն տալիս սկսել աշխատանքս»,- ասել է նորանշանակ ղեկավարը լրագրողներին:
Դոգհմանը պետք է փոխարինի արևելյան Լիբիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Վանիս Ալ-Շարիֆին և Բենղազիի անվտանգության վարչության պետ Հուսեյն Համեդին, որոնք Բեղազիում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումից հետո պաշտոնանկ էին արվել:
Դոգհմանը հայտարարել է, որ ներքին գործերի նախարարի ուղղակի կարգադրությամբ ինքը պետք է իր վրա վերցնի երկու հեռացված պաշտոնյաների պարտականությունները: Նրա խոսքերով՝ Բենղազիի ոստիկանների փաստացի խռովությունը «սպառնում են խարխլել կառավարության հեղինակությունը»:
Հիշեցնենք. արևելյան Լիբիայի հարցերով ՆԳ փոխնախարար Վանիս Ալ-Շարիֆն ավելի վաղ պնդում էր, որ ամերիկյան հյուպատոսության վրա հարձակվել էին «հին վարչակարգի կողմնակիցները»: Նա նշել էր, որ ցույցը խաղաղ բնույթ է կրել, մինչև որ հյուպատոսության անվտանգության աշխատակիցները չեն կրակել ցուցարարների վրա, ինչն էլ «խորացրել է իրավիճակը»:









































