Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես արգելել են Փարիզի Մեծ մզկիթի մոտ շաբաթ օրը կայանալիք բողոքի ցույցի անցկացումը: Այս մասին տեղեկացնում է itar-tass.com-ը՝ նշելով, որ խոսքը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիայի մասին է:
Ցույց անցկացնելու մասին հարցումը մերժվել է: Բայց եթե անգամ միջոցառումը կայանա, դրա կազմակերպիչներին մինչև 6 ամսվա ազատազրկում կամ 700 եվրոյի չափով տուգանք է սպառնում:
Սեպտեմբերի 15-ին ֆրանսիացի մուսուլմաններն արդեն իսկ փորձել էին բողոքի ակցիա կազմակերպել Փարիզում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Ոստիկանները 150 մարդու էին ձերբակալել: Դրանից անմիջապես հետո սոցիալական ցանցերում կրկին փողոց դուրս գալու կոչեր էին հնչել:
Միաժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն անվտանգության միջոցներ է ձեռնարկել` արտասահմանում դիվանագիտական անձնակազմի հանդեպ սադրանքները բացառելու նպատակով: Այսպես. ուրբաթօրյա աղոթքի օրը փակ կլինեն Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի տասնյակ երկրներում գործող ֆրանսիական դեսպանատները, հյուպատոսություններն ու մշակութային կենտրոնները:









































