Պահանջատեր հասարակության ուշադրությունից չվրիպեց Վարդան Այվազյանի տարիներ առաջ թույլ տված ապօրինությունը: Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցում քաղաքացիական խումբ է ստեղծվել: Խմբի անդամները միավորվել են «Վարդան Այվազյանը պատասխան պետք է տա» պահանջի ներքո:
Խմբի Facebook-յան էջում օգտատերերի անդամագրումը տեղի է ունենում ինչպես այլ խմբերում, այս դեպքում խմբի նոր անդամները համախմբվում են մի շարք կանոնակարգված պահանջների շուրջ: Խումբն արդեն ունի շուրջ մոտ 300 անդամ: Պահանջագիրը հրապարակված է Facebook սոցիալական ցանցի «Վարդան Այվազյանը պատասխան պետք է տա» էջում:
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ՝
Հայաստանի մի շարք հասարակական կառույցներ և հետաքննող լրագրողներ բազմիցս ահազանգել են Հայաստանի բնական պաշարների շահագործման անօրինականությունների, այդ թվում` հանքարդյունաբերության ոլորտում խոշորամասշտաբ չարաշահումների մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախկին նախարար, ներկայում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի պաշտոնավարման տարիներին: Սակայն ո′չ երկրի քաղաքական ղեկավարությունը, ո′չ էլ իրավապահ մարմինները հետամուտ չեն եղել դրանց բացահայտմանն ու կանխմանը` փաստացիորեն հովանավորելով կոռումպացված պաշտոնյայի գործունեությունը և բարգավաճումը: Մասնավորապես, իրավապահ մարմինները հանցակազմ չեն տեսել Վ.Այվազյանի կողմից իր բազմաթիվ հարազատներին ընդերքի շահագործման լիցենզիաներ բաշխելու գործում: Իսկ կուսակցական ղեկավարությունը, արձագանքելով Վ.Այվազյանի անօրինական գործունեությունը բացահայտող բազմաթիվ հոդվածներին, նրան պարգևատրել է` նշանակելով Ազգային Ժողովի նորաստեղծ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ի թիվս այլ հարցերի` մշակելու բնական պաշարների կառավարմանն առնչվող օրենսդրությունը:
Դեռևս 2006 թ.-ին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների և, արդյունքում, վերջինիս պատճառով կորցրել Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը դիմել էր Փարիզում տեղակայված Միջազգային արբիտրաժային դատարան և Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարան, որոնք կայացրել էին որոշում՝ Այվազյանից պահանջելով ներկայանալ դատարան որպես պատասխանող կողմ: Չհասնելով տվյալ պահանջի կատարմանը, ի վերջո, օրերս Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ` Վ.Այվազյանից բռնագանձել 37.5 մլն դոլար` հօգուտ Գլոբալ Գլոդ Մայնինգ ընկերության: Այդ դատավճիռն, ինքնին, հանդիսանում է ապացույց նախարար Այվազյանի կոռումպացված գործունեության, ինչը տարիներ շարունակ հովանավորել են Հայաստանի իշխանություններն ու իրավապահ մարմինները:
Վ.Այվազյանի անօրինական գործունեության արդյունքում ծանր հարված է հասցվել ինչպես Հայաստանի բնական պաշարների կառավարմանն ու տնտեսությանը, այնպես էլ` մեր երկրի միջազգային հեղինակությանը: Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, գտնում ենք, որ այսուհետ անթույլատրելի է Վարդան Այվազյանի հետագա պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության բարձրաստիճան պաշտոններում:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
1. ՀՀ Ազգային ժողովին` ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ Վարդան Այվազյանի կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած բոլոր տեսակի չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու համար:
2. ՀՀ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին` քննության առնել Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը` դրանով իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելով անկաշկանդ հետաքննություն վարել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության վերաբերյալ:
3. ՀՀ գլխավոր դատախազությանը` նյութեր պատրաստել և քրեական հետապնդում սկսել Վարդան Այվազյանի դեմ՝ նրա պաշտոնավարման ընթացքում առկա չարաշահումների շուրջ:
4. ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` հրապարակային հաշվետվություն ներկայացնել՝ Վ. Այվազյանի պետական պաշտոն զբաղեցնելու տարիներից առ այսօր վերջինիս ու նրա մերձավոր հարազատների ունեցած եկամուտների և գույքային դրության մասին:
5. ՀՀ իրավապահ մարմիններին` ամբողջ ծավալով վերականգնել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը: Պետությանը վերադարձնել Վարդան Այվազյանի կողմից իր ազգականներին նվիրաբերած հանքավայրերը (Հրազդանի, Աբովյանի, Սվարանցի և այլ հանքավայրեր):
6. ՀՀ կառավարության համապատասխան կառույցներին` վերանայել նրա պաշտոնավարման ընթացքում պետության և տնտեսվարողների միջև հանքարդյունաբերության ոլորտում կնքված բոլոր պայմանագրերը:
7. Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարությանը` հանդես գալ կուսակցության անդամ Վ.Այվազյանի գործունեության վերաբերյալ քաղաքական գնահատականով:
8. ՀՀ իրավապահ մարմիններին` արգելել Վարդան Այվազյանի ելքը Հայաստանից՝ մինչև նրա նկատմամբ իրականացվող քննության լիակատար ավարտը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































