Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 2012 թվականի հունվարից, 32 500 դրամի փոխարեն, սահմանել 72 500 դրամ:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստում նշեց, որ կառավարության համար, բնականաբար, շատ ցանկալի է, որպեսզի նվազագույն աշխատավարձը միանգամից բարձրանա, սակայն դա ոչ միայն չի նպաստի զարգացմանը, այլև բացասական հետևանքներ կունենա տնտեսության համար: «Դա անտանելի ծանր բեռ կլինի բյուջեի վրա, քանի որ կպահանջի 360 մլրդ դրամի լրացուցիչ ծախս»,- ընդգծեց նախարարը:
Կառավարությունը նաև կարծում է, որ նվազագույն աշխատավարձը միանգամից 100 տոկոսով բարձրացնելը կավելացնի ստվերը, քանի որ գործատուները կխուսափեն աշխատողներին գրանցելուց: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ կառավարությունը աշխատավարձերի բարձրացում նախատեսում է հաջորդ տարվա սկզբից, սակայն՝ ոչ այդքան: Նրա խոսքով` առաջիկա հինգ տարիներին միայն կառավարությունը կկրկնապատկի նվազագույն աշխատավարձը:
Կառավարության այս եզրակացությունն ուղարկվեց ԱԺ:
Լուսանկարը`PanARMENIAN Photo-ի










































