Գյումրու Ֆուրմանի 8 հասցեում գտնվող ընդարձակ տունը քաղաքային աղբանոցին ոչնչով չի զիջում: Ժամանակին շքեղ համարվող առանձնատունը վերածվել է խոզաբնի:
Տանտիրուհին՝ գյումրեցի Ցողիկ Հարությունյանը, 1988 թ. երկրաշարժից հետո նման պայմաններում է ապրում: Զավակաները ընտանեկան վեճից հետո լքել են մորը: Կինը կիսախելագար վիճակում է: Ամիսներով չի լվացվում ու չի սանրվում, լողանալու մասին խոսք անգամ չկա:
Հարևանները ամեն կերպ փորձում են Ցողիկին համոզել` մազերը կտրեն կամ լողացնեն, բայց՝ անօգուտ: Ցողիկը թոշակով է ապրում. օրական մեկ հաց, մեկ-մեկ էլ՝ թթվասեր է գնում: Հիմնականում հարևաններն են կերակրում: Վերջիններս արդեն համակերպվել են նրա գոյությանը, ասում են՝ անշառ կին է, ոչ մեկին չի խանգարում:
Վախենում են մի բանից. օրերից մի օր մի անփույթ քայլ կանի ու կամ իրեն, կամ հարևաններին կվնասի: Ասենք, օրինակ, հերթական աղբակույտը վառելիս` փետրվարի 27-ին, հրկիզել էր ննջասենյակի փայտե հատակի մի մասը: Դեպքի վայր մեկնած հրշեջները կրակն անմիջապես մեկուսացրել են: Կինը չի տուժել:
Այդ պահին հարևանի տանն է եղել: Նման դեպք գրանցվել է նաև մոտ 3 տարի առաջ: Հարևաններն այժմ ցանկանում են Ցողիկին ծերանոցում տեղավորել:
Պետական կառույցները այս հարցով այնքան էլ հետաքրքրված չեն, կնոջն էլ առանձնապես դա չի ոգևորում:







































