ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հյուրերը ներկայացրել են Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման հետ կապված աշխատանքների ընթացքը, քննարկվել են հետագայում ռազմավարության իրականացման հետ կապված հարցեր: Տեղեկացվել է, որ փաստաթղթի նախնական տարբերակը կառավարությանը կներկայացվի հունվարին:
Փոխվարչապետը ողջունելով կատարված աշխատանքները` միաժամանակ կարևորել է ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային մյուս կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև ընդգծեց ռազմավարության իրատեսական լինելու հանգամանքը: Նա հյուրերին առաջարկել է մասնակցել հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում կայանալիք գյուղական համայնքների երկրորդ համաժողովին, որի աշխատանքային խմբերից մեկի քննարկման թեման վերաբերելու է հենց Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրներին` նշելով, որ այն սեփական մոտեցումները ներկայացնելու ու նաև համայնքապետերի առաջարկությունները լսելու լավ հնարավորություն կլինի:











































