Բրյուսելը եղել է, կա և կմնա աշխարհի տարբեր ծայրերից լրտեսներին դեպի իրեն ձգող խոշորագույն կենտրոններից մեկը: Այս մասին Europeanvoice պորտալի հետ հարցազրույցում հայտնել է Բելգիայի անվտանգության ծառայությունների (VSSE) ղեկավար Ալեն Վինանտսը:
Բելգիացի հակահետախույզը խոստովանել է, որ իր վերահսկողության տակ գտնվող տարածքում աշխատում են «ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր» արտասահմանցի գործակալներ:
Բնականաբար, արտասահմանցի լրտեսների հետաքրքրության գլխավոր օբյեկտները ոչ թե բելգիական գարեջրի ու շոկոլադի բաղադրատոմսերն են, այլ Եվրամիության և ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանների գործունեությունը:
«Բելգիայում լրտեսական ակտիվությունը, մասնավորապես ռուս և չինացի գործակալների մասնակցությամբ, մնում է այն մակարդակի վրա, ինչպիսին եղել է սառը պատերազմի ժամանակ»,- նշել է Վինանտսը՝ հավելելով, որ դա պայմանավորված է Բրյուսելում օտարերկրացի դիվանագետների, գործարարների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների բարձր կենտրոնացմամբ: Դա թույլ է տալիս ամենատարբեր ինֆորմացիաներ քաղել ոչ միայն բրյուսելյան կառույցների, այլև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող երկրների գաղտնիքների մասին:
Նրա խոսքով՝ արտասահմանցի գործակալները երկիր են գալիս լրագրողի, դիվանագետի, ուսանողի կամ գործարարի տեսքով: Հարկ է նշել, որ Բրյուսելում ռուս լրագրողները բազմիցս բախվել են բելգիական հատուկ ծառայությունների կասկածանքներին:








































