ԱՄՆ Յուտա նահանգի սենատորի թեկնածու, դեմոկրատ Սքոթ Հաուելը նախընտրական պայքարի ֆոնին հայտարարել է, որ իր մրցակիցը ծեր է և շուտով կմահանա: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Որպես կանոն, երկրի օրենսդիր մարմնի թեկնածուները ընտրազանգվածին իրենց լավ կողմերով ներկայացնելուց բացի` փորձում են ի հայտ բերել մրցակիցների թերությունները` երբեմն խախտելով էթիկայի կանոնները:
Ինչպես երևում է՝ Հաուելը գտել է մրցակցի՝ գործող սենատոր, հանրապետական Օրին Հեթչի խոցելի տեղը, որը, ինչպես պարզվում է, նրա պատկառելի տարիքն է: Երեքշաբթի Հաուելը իր կողմնակիցներին էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ 78-ամյա Հեթչը շատ ծեր է` իր պարտականությունները շարունակելու համար, իսկ վերընտրման դեպքում, ամենայն հավանականությամբ, նա «կամ պաշտոնաթող կլինի, կամ մինչ լիազորությունների ժամկետի ավարտը կմահանա»: Նրա խոսքով՝ Հեթչը վատ մարդ չէ, պարզապես շատ ծեր է:
Գործող սենատորի նախընտրական շտաբը քննադատել է վիրավորական խոսքերը՝ նշելով, որ նման հարձակումներն արել է մի մարդ, որը նոյեմբերին ընտրվելու ոչ մի շանս չունի, իսկ Հեթչը հիանալի ֆիզիկական վիճակում է և չի պատրաստվում կյանքին հրաժեշտ տալ:












































