ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր անդրադարձել է 2010 թվականից մեկնարկած հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի ընթացքին: Նա ասել է, որ ծրագիրն առարկայական է, որում կանխորոշված են կոնկրետ թիրախներ, խնդիրներ: Երկու տարիների ընթացքում, նախարարի խոսքով, ընդունելության քննությունների վերացումը քոլեջներում, ուսումնարաններում բերել է նրան, որ ավելի մեծ թվով մարդիկ են ընտրել մասնագիտական կրթության նման տարբերակը, կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերը:
«Չեմ ասում, թե մենք այնտեղ ամբողջությամբ վերացրել ենք կոռուպցիոն ռիսկերը, բայց կտրուկ նվազել են դրանք, և շոշափելի դրական արդյունք է նկատվում»,- ասել է նախարարը:
Նախարարն անդրադարձել է բուհական ընդունելության քննությունների համակարգի շարունակական փոփոխություններին, որոնք, ըստ նրա, այս տարի անցել են աննախադեպ թափանցիկության մթնոլորտում, մասնավորապես նշելով, որ այս տարվա ընդունելության քննությունների մասին գրեթե բացասական քննադատության չի հնչել:
Նրա դիտարկմամբ՝ ընդունելության քննությունների շտեմարանային եղանակը բերեց նրան, որ քննությունները դարձան կանխատեսելի, սոցիալական հավասարության մի մեծ պաշար եղավ, նվազեց կրկնուսույցների դերակատարությունը: «Սկզբում չէին հավատում, որ լավ է լինելու, հետո սովորեցին»,- ասել է նա:
Ըստ ԿԳ նախարարի` հաջորդ տարվա համար ընդունելության քննությունների բոլոր առարկաները կկազմակերպվեն շտեմարանային եղանակով:
«Այս ուղղություններով մենք շոշափելի տեսանելի փոփոխություն ունենք, սակայն դա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ վերացրել ենք կոռուպցիոն ռիսկերը»,-խոստովանել է նախարարը:
Նա նաև նշել է, որ կտրուկ պարզեցվել են ուսանողների` բուհից բուհ տեղափոխվելու, ուսանողների վերականգնման կարգերը, և այս գործընթացների շնորհիվ Հայաստանում հեշտացվել է ուսանողների իրավունքների պաշտպանության մեխանիզմը:
Վերանայվել են շուրջ 100 իրավական ակտեր, որոնց նպատակը նույնպես գործող օրենսդրությունը և ենթաօրենսդրական ակտերը հակակոռուպցիոն փորձաքննության ենթարկելն է՝ տալով լուծումներ այնտեղ, որտեղ խնդիրները օրհասական էին:
Անդրադառնալով դպրոցներում առկա կոռուպցիային` նախարարը նշել է, որ սոցիոլոգիական բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դպրոցներում, որպես կոռուպցիոն դրսևորումներ, ծնողական խորհուրդների միջոցով կազմակերպվող դրամահավաքներն են դիտվում, բայց դրամահավաքը իրականում չի դիտարկվում որպես կոռուպցիա, կոռուպցիա է դիտարկվում տնօրենների, դասղեկի, ուսուցչի համար անձնական շահադիտական նպատակներով գումար հավաքելու գործընթացը: Դրամահավաքի դեպքերի 90 տոկոսից ավելին առնչվում է դպրոցի այս կամ այն գույքային խնդրի լուծմանը, ինչը նույնպես օրենսդրությամբ մի կողմից` թույլատրված է, մյուս կողմից` իրականացման ընթացքում բախվում են լուրջ պրոբլեմների:
Սակայն դրամահավաքների կազմակերպման ծնողական կոմիտեների որոշումները չեն կարող պարտադիր լինել բոլոր ծնողների համար, և թիվ մեկ պրոբլեմն այն է, որ ծնողական կոմիտեները չեն ներկայացնում դպրոցների բոլոր ծնողների կարծիքները և մյուս կողմից` հանդիսանում են ոչ անկախ մարմիններ տնօրինությունից: Նախարարի կարծիքով՝ դրամահավաքի դեմ պայքարում առաջին հարցը քաղաքացիական գիտակցության մակարդակի բարձրացումը պետք է լինի:
Հարցին` արդյոք նախագահի կառավարության անդամներին խիստ նկատողությունից հետո՞ Արմեն Աշոտյանը որոշեց ասուլիս տալ, պատասխանել է, որ այն ավելի վաղ էր պլանավորել, իսկ ինքը թե՛ որպես կառավարության անդամ, թե՛ ՀՀԿ ձևաչափով` որպես ՀՀԿ փոխնախագահ, կանդրադառնա նախագահի խորհրդակցությանը: Խիստ քննադատությունը ասուլիսի բովանդակային փոփոխությունների վրա անդրադարձել է, իհարկե, և դա անտեսելը, ըստ նախարարի, անազնիվ կլինի:












































