«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է պատժել կտտանքներ կիրառելու մեջ բոլոր մեղավորներին: Գլդանի (Թբիլիսի) թիվ 8 բանտում կիրառված կտտանքների կապակցությամբ Վրաստանի քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ, որոնք ավարտվել են այսօր առավոտյան: Բաթումում, Փոթիում, Զուգդիդում, Գորիում տեղի ունեցած այդ ակցիաներին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Կտտանքների մասին տեսանյութերը տարածել էին ընդդիմադիր «Մաեստրո» և «9-րդ ալիք» հեռուստաընկերությունները: Կտտանքների փաստին արձագանքել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին. «Կալանավորներին ծաղրելու կադրերը շոկի մեջ գցեցին և խորապես զայրացրին ինձ:
Այն, ինչ տեղի է ունեցել Գլդանի բանտում, մարդու արժանապատվության ու իրավունքների դեմ կատարված սարսափելի ակտ է: Դրան մասնակից բոլոր անձինք արժանի են խիստ պատժի: Ոստիկանությունը ձերբակալել է այդ սարսափելի գործողություններն իրականացրած անձանց մեծ մասին, որոնք պետք է կանգնեն դատարանի առջև: Մնացյալը՝ նույնպես:
Այդօրինակ փաստերի կանխման համար բոլոր պատասխանատուները հեռացվելու են ծառայությունից, իսկ նրանք, ովքեր արել են դա, խոսք եմ տալիս, որ երկար տարիներ են անցկացնելու բանտում»:
Այսօր Թբիլիսիում վերսկսվելու են բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեի և ներքին գործերի նախարար Բաչո Ախալայայի հրաժարականները: Իշխանությունները ցուցարարներից վերջնագիր են ստացել՝ որոշում կայացնել մինչև չորեքշաբթի ժամը 12.00-ը:







































