Այսօր` ժամը 12:00-ին, կայացել է Խաչատուր Աբովյանի անվան №2 հիմնական դպրոցի 180- ամյակը և վերաբացման արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել ԱԺ պատգամավորներ Գարեգին Նուշիկյանն ու Կարինե Աճեմյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության և վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և այլ հյուրեր:
Դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանի խոսքով, 1832թ հիմնադրված Աբովյանի անվան դպրոցը համարվում է Արևելյան Հայաստանի առաջին պետական դպրոցը։ Այստեղ որպես տնօրեն աշխատել է ինքը` Խաչատուր Աբովյանը:
«Մեր դպրոցն այսքան տարիների ընթացքում շատ գիտնականներ ու հայտնի դեմքեր է տվել: Այն միշտ աչքի է ընկել իր ավանդույթներով, որոնք պահպանվում են մինչ այսօր»,-նշել է տիկին Հակոբյանը, ընդգծելով այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում դպրոցի աշակերտների թիվը ավելացել է (324-ից հասնելով 527-ի):
Դպրոցը, որը տարիներ առաջ հրդեհվել էր և գտնվում էր ոչ բարվոք վիճակում վերաբացել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, ով ժամանակին սովորել է հենց այդ դպրոցում: Այն դասարանում, որտեղ նա է սովորել, այսուհետ կկոչվի նրա անունով:
«Գարեգին Նուշիկյանի աջակցությամբ վերանորոգվեցին բոլոր դասասենյակները, միջանցքները, հիմնովին վերակառուցվեցին սանհանգույցները, վերջապես վերանորոգվեց մարզադահլիճը, փոխվեցին պատուհանները»,- ասել է դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանը:
Ըստ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, յուրաքանչյուր դպրոց ունի իր յուրահատկությունը, և Աբովյանի անվան դպրոցը բացառություն չէ.սա այն դպրոցն է, որը բարեխճորեն է կատարում Աբովյանի թողած պատգամները: Տիկին Սողոմոնյանը դպրոցի վերաբացումը գնահատեց որպես հրաշալի նվաճում և օրինակելի աշխատանք բոլոր դպրոցներ գործարար շրջանավարտների համար:
Դպրոցի վերաբացման արարողության ժամանակ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը շրջել է դպրոցում և դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեց «Պատվո աշակերտ» կոչումով:
Նա իր խոսքում նշել է, որ իր հոգու պարտքն է համարում ապահովել ապագա սերունդների բարեկեցությունը:
«Մեր ապագան մեր երիտասարդների ձեռքերում է, որոնց գլխավոր զենքը եղել է և կլինի կրթությունը: Մեր պետության լուսավոր ապագան կերտելու համար անհրաժեշտ է աջակցել կրթական համակարգին, ինչպես նաև ապագա սերունդների դաստիարակությանը»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Դպրոցի տնօրինությունը շնորհակալություն հայտնեց նաև միջոցառմանը ներկա գտնվող Գարեգին Նուշիկյանի մայրիկին`տիկին Ժենիային, քանի որ նման բարեգործությունը պայմանավորված էր նաև նրա ընտանիքի աջակցությամբ:
Նշենք, որ դպրոցի տնօրինությունը Գարեգին Նուշիկյանի կատարած աշխատանքի համար շնորհակալական նամակ է ուղարկել ԱԺ: Նրանց խոսքերով, լավ կլիներ, որ Գարեգին Նուշիկյանի կողմից կատարած նման բարեգործությունը վարակիչ և օրինակելի հանդիսանար նաև այլ պատգամավորների համար:
Ի դեպ, Խաչատուր Աբովյանի դպրոցը հիմնադրվել է Երևանի բերդում, ցարական կառավարության կողմից: Գեներալ Պասկևիչը, ով ղեկավարում էր Երևանի բերդի գրավումը, դիմում է ցարական կառավարությանը` Նիկոլայ առաջինին, Երևանում պետական դպրոց բացելու խնդրանքով: Այն չի մերժվում և բացվում է որպես ռուսական պետական դպրոց, որի հիմնական լեզուն ռուսերենն էր: Հետագայում այն վերածվում է միջնակարգ դպրոցի:









































