«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և «Վարդանյաններ» ՍՊԸ-ի հետ համատեղ Տավուշի մարզում մեկնարկել է լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում 19 քաղաքային և 53 համայնքային դպրոցի կնվիրաբերվի համակարգչային տեխնիկա և գույք:
Ներկայումս մարզում գործող 82 հանրակրթական և հիմնական դպրոցներից միայն 10-ում կան բավարար թվով համակարգիչներ: «Հայաստան» հիմնադրամը խնդրի լուծման նպատակով 2011թ. հոկտեմբերին Հնդկաստանի կառավարության հետ կնքեց Հուշագիր` Տավուշի մարզի դպրոցների համակարգչային զինման վերաբերյալ: Հիմնադրամը նախապես հոգացել է նաև ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:
Հնդկաստանի կառավարության հովանավորությամբ դպրոցներին կնվիրաբերվի 550 համակարգիչ և 72 տպիչ: Իսկ համակրգիչների տեղադրման և ինտերնետ կապի ապահովման նպատակով Հայաստան կժամանեն հնդիկ մասնագետներ: Մինչև սեպտեմբերի վերջ համակարգչային տեխնիկան երկու խմբաքանակով կհասնի Հայաստան:
Համակարգչային դասասենյակների կահավորումն էլ հովանավորել է «Վարդանյաններ» ՍՊԸ-ն` հանձին հիմնադրամի բարերար Միքայել Վարդանյանի:
Ծրագրի արդյունքում` 16 183 աշակերտ կարող է ստանալ համակարգչային պատշաճ գիտելիքներ:









































