Ճապոնական մի շարք խոշոր ընկերություններ որոշել են դադարեցնել իրենց գործունությունը Չինաստանում` երկրում անկարգությունների ու հակաճապոնական ելույթների պատճառով: Այդ ընկերությունների թիվը գնալով ավելանում է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Զանգվածային ելույթներն այսօր ընդգրկել են ՉԺՀ-ի 71 խոշոր քաղաքներ: Պեկինի փողոցներ է դուրս եկել 5 000 մարդ:
Իրենց գործունեությունը որոշել են դադարեցնել Toyota, Suzuki Motor Corp., Honda Motor Co., Mazda Motor Corporation, Nissan Motor, Mitsubishi Motors Corp., Yamaha ընկերությունները: Նրանց օրինակին են հետևել էլեկտրոնիկայի խոշոր արտադրողներ Mitsubishi Electric-ը, Hitachi Ltd.-ը, Panasonic Corp-ը և Canon-ը, շինարարական տեխնիկա արտադրող Komatsu-ն, խոշորագույն Seven & I Holdings-ը, հագուստ արտադրող և վաճառող Uniqlo-ն: Ընկերություններն իրենց աշխատակիցներին կոչ են անում փողոց դուրս չգալ:
Ցույցերը տեղի են ունենում Չինաստանում Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:
Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Տոկիոն մասնավոր սեփականատիրոջից գնեց վիճելի Սենկակու (Դյաոյույդաո) կղզիները:
Չինաստանին և Ճապոնիային կապում են սերտ տնտեսական հարաբերությունները: Անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 345 մլրդ դոլար է կազմել:








































