«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու նաև Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում: Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ ՀՀԿ-ական Տարոն Քոչարյանը և անկուսակցական Միհրդատ Պողոսյանը:
Թերթի տեղեկություններով` գործող գյուղապետն ամեն քայլի դիմում է կրկին ընտրվելու համար: Քոչարյանը կարճադբյուրցիների մոտ հայտարարում է, թե ինքը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի «մարդն» է ու ոչ մի պրոբլեմ չունի, իսկ եթե ինքը չընտրվի, կարճաղբյուրցիների ««Փարոս»-ն ու նպաստը կկտրի»: Քոչարյանի նման ինքնավստահ պահվածքը պայմանավորված է նաև նրանով, որ եղբայրը Գեղարքունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալն է` Արայիկ Քոչարյանը: Բացի այդ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Տարոն Քոչարյանը Կարճաղբյուրի բնակիչներին հայտարարել է, որ իր «կրիշը» Մարտունու ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է:
Ինչո՞ւ եք նման վարք դրսևորում: «Ժողովուրդ»-ի այս հարցին Քոչարյանը պատասխանեց. «4 հոգի են դժգոհել, անուն-ազգանուններով կարող եմ ասել` Ավետիք Ղազարյան, Մարատ Ոսկանյան, Աշոտ Գրիգորյան, Միհրդատ Պողոսյան: Եթե իրենցից բացի, որևէ մեկից Կարճաղբյուրում կես բառ անգամ դժգոհություն լսեք, ուրեմն ես դրա համար պատասխանատու եմ: Դրանք էն մարդիկ են, որոնք թիմ են, կեղտոտ խաղեր են խաղում: Ես արդեն 6-րդ անգամ եմ թեկնածությունս դնում ու հաղթում: Իմ եղբայրը ստեղ ընդհանրապես կապ չունի, մեր գյուղում չի էլ լինում, դրանք բացարձակ հերյուրանքներ են»:











































