«Նախագահի անձի, կերպարի առումով նշաձողն այնքան է իջեցվել, որ ՀԱԿ-ում շատ ավելի արժանավոր թեկնածուներ կան, քան երկրորդ և երրորդ նախագահներն են: Հայաստանում որքան բնակչություն կա ընտրական տարիքի, այնքան էլ նախագահի թեկնածուներ կան»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուներին` ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» կուսակցության համակարգող Զոյա Թադևոսյանը:
«Առավոտ»-ի դիտարկմանը, որ օրերս իր նախկին կուսակիցը` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարել էր, որ իրենց կուսակցությունում նախագահի առնվազն յոթ թեկնածուներ կան, և դրանք նախկին գումարման խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամներն են, եթե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չառաջադրվել, տիկին Թադևոսյանն այսպես արձագանքեց. «Դա հենց իմ ասածի համատեքստից է: Եթե երկրորդ և երրորդ նախագահների անձերին ես նայում` իսկ ո՞վ չի կարող որ, իսկ ո՞ւմ կրթությունը չի ներում, ո՞ւմ մարդկային, անձնական տվյալները թույլ չեն տա»:
Տիկին Թադևոսյանից թերթը հետաքրքրվեց` ե՞րբ է ՀԱԿ-ը պատրաստվում ակտիվ հանրահավաքային պայքարը վերսկսել, քանի որ նախապես հայտարարվում էր, թե խորհրդարանական և հրապարակային պայքարը զուգահեռվելու է, և կա հասարակության մի հատված, որը սպասում է դրան: «Այդ հարցը քաղխորհրդում մենք, արդեն քննարկել ենք և առաջիկայում մեր մոտեցումների մասին կհայտարարենք: Հանրահավաքներ անպայման կլինեն, որովհետև առաջիկայում նախագահական ընտրություններ են, և ինքնին ենթադրվում է, որ քարոզչությունը պետք է գնա ակտիվ հանրահավաքների ճանապարհով»:









































