Սաֆարովի գործը փաստաթղթով կանոնակարգել հնարավոր չէ: Պետք է լինի մեկը, ով լրջորեն կզբաղվի այդ գործով: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով ծառայողական խորհրդատվական փաստաթուղթ ստեղծելու նախաձեռնությանը և դրա հնարավոր արդյունավետությանը:
Ըստ փաստաբանի՝ ամեն մեկը մի բան անելով` գործը գլուխ չի գա. պետք է լինի մեկը, որ այս գործով զբաղվի, պատասխան տա այս գործընթացի համար:
«Պետք է այս գործով զբաղվող հատուկ մարդիկ լինեն: Ես ինֆորմացիա չունեմ, որ ինչ-որ քայլեր են ձեռնարկվում:
Չգիտեմ` ինչ են անում, բայց ինչ անում են, պետք է արագ անեն: Երբ գործընթացը մոռացվում է, դժվար է քայլեր ձեռնարկել: Այս փուլում հնարավոր է միջազգային հանրության օժանդակությունը ստանալ, իսկ հետո ավելի անհնար կլինի, կասեն՝ անցավ գնաց»,- մեկնաբանեց Նազելի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հրավիրված խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Սաֆարովի էքստրադիցիային` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ կառավարությունը ԱԳՆ-ի հետ համատեղ պետք է ծառայողական խորհրդատվական փաստաթուղթ ստեղծի, որը կաջակցի միջազգային ասպարեզում գերատեսչությունների գործունեությանը:









































