Geekbench ծառայությունում, որը նախատեսված է սարքի առանձնահատկությունների հայտնաբերման և արտադրողականության համեմատման համար, հրապարակվել են iPhone 5-ի փորձարկման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է MacRumors-ը:
Թեստը ցույց է տվել, որ սմարթֆոնում ներդրված A6 պրոցեսորի տակտային հաճախականությունը կազմում է 1,02 գիգահերց: Երկմիջուկանի պրոցեսորն ունի հրամանների ARMv7 համակարգ: iPhone 5-ի օպերատիվ հիշողության ծավալը 1 գբ է:
Geekbench թեստի արդյունքներով` iPhone 5-ը հավաքել է 1601 միավոր: Համեմատության համար նշենք, որ iPhone 4S սմարթֆոնի միջին արդյունքը 630 բալ է, իսկ երրորդ սերնդի iPad պլանշետինը՝ 768-794 միավոր:
Նոր սմարթֆոնի ցուցաբերած արդյունքը լիովին համապատասխանում է Apple-ի հայտարարությանն այն մասին, թե նոր ապարատը իր արտադրողականությամբ կրկնակի գերազանցում է իր նախորդնրին:
AnandTech հրատարակությունը նշում է, որ A6 պրոցեսորը պատրաստել է Samsung ընկերությունը:








































