Չնայած պետական պարտքի կտրուկ աճին՝ մինչև 804 մլրդ եվրո, Իսպանիան իր բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար եվրագոտու երկրներից օգնություն խնդրել չի պատրաստվում,- գրում է newsru.com-ը:
Այդ երկրի կառավարությունն իրավիճակը փորձում է փրկել լրացուցիչ հարկերի հավաքման և էներգետիկայի ոլորտում պետական սուբսիդիաների կրճատման հաշվին:
Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը Նիկոսիայում տեղի ունեցած Եվրախմբի հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իսպանիայի բյուջեի դեֆիցիտն այս տարի չի գերազանցի պլանային՝ 6,3 տոկոսը, և արտաքին օգնության կարիք չի զգացվի:
Հիշեցնենք, որ բարեփոխումների ծրագիրն Իսպանիայում պետք է հրապարակվի սեպտեմբերի 28-ին: Նույն օրն անկախ աուդիտորները եզրափակիչ կարծիք կհայտնեն իսպանական բանկային հատվածի վիճակի մասին, որի փրկության համար եվրագոտու երկրների առաջնորդները խոստացել են 100 մլրդ եվրո հատկացնել:









































