Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ, 40-ամյա Լևոն Պապյանը վարելով «ՈւԱԶ» մակնիշի 08 ՕԼ 613 համարանիշի ավտոմեքենան, Կապան-Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի եւ 70 մ գլորվել ձորը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshayn.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով տեղի է ունեցել հրդեհ և մեքենան ամբողջովին այրվել է:
Դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի Կապանի հրշեջ փրկարարները քաղաքացիների և Կապանի ոստիկանության ծառայողների հետ վարորդին և ուղևոր, նույն գյուղի բնակիչ 39-ամյա Արամ Հայրապետյանին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ՃՈ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ ուղևոր Ա. Հայրապետյանը, որը հաշմանդամ էր, հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:









































