Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը վճռականորեն դատապարտել է մահմեդական երկրներում արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները՝ այդ երկրներին կոչ անելով ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը և անձնակազմի պաշտպանությունը:
Հիշեցնենք. երեկ Սուդանի մայրաքաղաք Խարտումում 5000 մարդ գրոհել է հարևանությամբ գտնվող Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Ոստիկանությունը փորձել է թույլ չտալ գրավել շենքերը՝ ամբոխի դեմ օգտագործելով արցունքաբեր գազ, սակայն ցուցարարներին հաջողվել է ներխուժել Գերմանիայի դեսպանատան տարածք և պոկել այդ երկրի դրոշը: Ավելի վաղ Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման հետևանքով սպանվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանը:
«Ես խորը անհանգստությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը և կոչ եմ անում բոլոր այդ երկրների ազգային իշխանություններին արագ ապահովել դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը և դիվանագիտական անձնակազմի պաշտպանությունը»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
Էշթոնը նաև կոչ է արել տարածաշրջանի երկրների կառավարություններին, կրոնական և աշխարհիկ առաջնորդներին` թույլ չտալ կրոնը օգտագործել ծայրահեղականության քողի տակ:
Հիշեցնենք. սեպտեմբերի 11-ին համացանցում «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի թրեյլերի հայտնվելուց հետո բողոքի ալիք բարձրացավ մահմեդական աշխարհում:








































