Չինաստանի ղեկավարներից մեկը` Սի Ցզինպինը, շաբաթ օրը 2 շաբաթվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Այդ 2 շաբաթների ընթացքում երկրում և դրա սահմաններից դուրս տարբեր շշուկներ էին տարածվել նրա գտնվելու վայրի և հնարավոր պաշտոնանկության մասին:
ՉԺՀ-ի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ Սի Ցզինպինը մասնակցել է Չինաստանի գյուղատնտեսական համալսարանում տեղի ունեցած միջոցառմանը:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ՉԺՀ-ի փոխնախագահը և Կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկը հետաձգել են 4 հանդիպում այլ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ըստ որոշ վարկածների` ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով նրա առողջական վիճակը վատթարացել է:
Ակնկալվում է, որ Կոմունիստական կուսակցության հերթական համագումարի ժամանակ` հոկտեմբերին, Սի Ցզինպինը կհայտարարվի Չինաստանի ապագա ղեկավար և մարտին կփոխարինի Հու Ցզինթաոյին: Համագումարի օրը դեռ հայտնի չէ:









































