Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև համագործակցության մասին ամիսներ շարունակվող տեղեկություններն ու քննարկումներն այսօր, թերևս առաջին, անգամ, առարկայացել են: «168 ժամ»-ը գրում է, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ մասնակցել է Գլխավոր դատախազության շենքի դիմաց անցկացվող ամենաշաբաթյա ակցիաներին, որոնց ժամանակ ՀԱԿ-ի համակիրները պահանջում են դադարեցնել Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և մյուս երիտասարդների նկատմամբ քաղաքական հետապնդումը:
Ըստ թերթի` անկախ ամեն ինչից, իհարկե, ողջունելի է, որ ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորը մասնակցում է մարդու իրավունքների ոտնահարման, ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեցող դատավճռի արդյունքում ազատազրկման մեջ հայտնված երիտասարդի պաշտպանության համար կազմակերպված ակցիային: Սակայն նրա մասնակցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործին միայն նորաթուխ պատգամավորի նվիրվածությամբ պայմանավորելն առնվազն միամտություն կլինի: Ակնհայտ է, որ այստեղ կա հստակ քաղաքական հաշվարկ, և այսպիսով` ուրվագծվում կամ առնվազն չի բացառվում առաջիկայում ավելի լայն ձևաչափերով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հնարավորությունը: Է. Վարդանյանի մասնակցությունը երեկվա ակցիային ուշադրության չէր արժանանա, եթե նա չներկայացներ մի ուժ, որը նախկինում, մեղմ ասած, նախանձախնդիր չի եղել մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական հետապնդումների բազմաթիվ աղաղակող դեպքերը վեր հանելու և պատասխանատվություն պահանջելու հարցում: Ավելին, ԲՀԿ-ն ժամանակին անդամակցում էր այն կոալիցիային, որը ձևավորվեց Մարտի 1-ի արդյունքում, այն Մարտի 1-ի, որի ժամանակ կատարված սպանությունների համար նախկինում ՀԱԿ-ը մեղադրում էր նաև ԲՀԿ-ին ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներին:
Դժվար է հիշել գոնե մեկ դեպք, երբ որևէ ԲՀԿ-ական մասնակցեր, ասենք, «7-ի գործովե քաղբանտարկյալների դատավարությանը, հանդես գար իշխանության քաղաքական պատվերը դատապարտող հայտարարություններով: Այն ժամանակ ԲՀԿ-ականները` ՀՀԿ-ականներից հետ չմնալով, պաշտպանում էին Մարտի 1-ի «պաշտոնական վարկածը»: Սակայն ՀԱԿ-ի ներկայացուցիչներն առաջին հերթին իրենք աչք փակեցին այդ «մանրուքների» վրա` «քաղաքագիտական վերլուծության» ժամանակներից հետո աստիճանաբար մոռանալով ԲՀԿ-ի անունը Մարտի 1-ի վերաբերյալ հնչող հատուկենտ հայտարարություններում: Այսինքն` մեծ հաշվով, Հայ ազգային կոնգրեսը ստեղծեց այն պայմանները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է առանց իր նախկին գործելաոճի համար գոնե հանրային պատասխանատվության ենթարկվելու` այսօր հանդես գալ «ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանի» առաջամարտիկի դիրքերում:
Առաջիկայում թեժ քաղաքական զարգացումներ են սպասվում, որոնց ընթացքում ոչինչ բացառել հնարավոր չէ: Այդ թվում` այն, որ ընտրություններից առաջ կամ հետընտրական շրջանում ՀԱԿ-ը կարող է կրկին հանրահավաքներ կազմակերպել: Այլ հարց է` թե ում և ինչի համար կլինեն այդ հանրահավաքները: Ներկայիս իրողությունները ցույց են տալիս, որ ՀԱԿ-ը կարող է հանրահավաքներ կազմակերպել նաև ԲՀԿ-ի համար: Այդ իմաստով` Էլինար Վարդանյանի մասնակցությունն երեկվա ակցիային կարելի է համարել նաև ՀԱԿ-ի կարողությունները «ինվենտարիզացիայի ենթարկելու» փորձ: ՀԱԿ-ից եթե ինչ-որ բան մնացել է, ապա դա հանրահավաքներ կազմակերպելու ունակությունն է: Բացառված չէ, որ ԲՀԿ-ն` որպես բիզնեսից, մեղմ ասած, հեռու չգտնվող կուսակցություն, ինչ-որ պահի ձեռք բերի այդ «ակտիվը» կամ դրա «վերահսկիչ փաթեթը»:









































