Հազարավոր արգենտինացիներ Բուենոս Այրեսի կենտրոնում մասնակցում են հակակառավարական բողոքի ցույցի: Ցույցը աջակցություն է գտել քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչների շրջանում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ակցիայի մասնակիցները հավաքվել են նախագահական պալատի դիմաց՝ Մայիսյան հրապարակում՝ իրենց դժգոհությունն արտահայտելու կառավարության գործողություններից: Իշխանությունները գործնականում արգելք են դրել դոլար գնելու վրա, որը բարձր ինֆլյացիայի պայմաններում բնակչության կողմից օգտագործվում է որպես խնայողւոթյունները պահելու միջոց: Այժմ արգենտինացիները արտարժույթ են գնում սև շուկայում, ինչը նրանց համար 30%-ով թանկ է: Մարդիկ բողոքում են անձնական ազատությունների սահմանափակումների և հարկային մարմինների կամայականությունների դեմ: Նրանք կարծում են, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրւմ հանցավորության դեմ պայքարելու համար: Ամենօրյա լրահոսներում տեղեկություններ են հրապարակվում սպանությունների և կողոպուտների վերաբերյալ:
Բացի այդ, բնակչությունը բողոք է արտահայտում սահմանադրությունը փոխելու ծրագրերի դեմ, որը նպատակ ունի երկրի գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին հնարավորություն տալու առաջադրվել երրորդ ժամկետով:
Կառավարության գործողությունների դեմ բողոքելու ցույցը կազմակերպվել է Facebook և Twitter սոցիալական ցանցերի միջոցով: Համանման ակցիաներ են տեղի ունենում նաև Արգենտինայի այլ քաղաքներում:








































