«Մի կողմից Սերժ Սարգսյանն իր «մեդիամագնատ» փեսա Միքայել Մինասյանի հետ քայլեր է անում`Հայաստանի քաղաքական դաշտին ու միջազգային հանրությանն ապացուցելու համար, թե ինչքան ժողովրդավար են իրենք ու որքան են գնահատում խոսքի ազատությունը մեր երկում, մյուս կողմից էլ ՀՀ դատարանները շարունակում են մամլիչի դեր կատարել տպագիր մամուլի համար»,- գրում է «Ժողովուրդ»-ը և տեղեկացնում, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ Կարինե Հակոբյանի, Տիգրան Սահակյանի և Գոհար Մատինյանի, մերժել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացրած բողոքը:
Թերթը հիշեցնում է, որ իրենք բողոքարկել էին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, որով դատավոր Արթուր Թամրազյանը «գթասրտաբար» 2.5 մլն դրամի փոխարեն 200 հազարով էր տուգանել «Ժողողուրդ»-ին: Պատճառն այն է, որ թերթը հրապարակել էր Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով` Աննայի մրցակից թեկնածու ուսուցչի հաղթանակն ապահովելու համար: Պողոսյանի ներկայացուցիչների բացատրությունները, թե թերթը նրա մասին վատ բան գրելու իրավունք չուներ, քանի որ հանրային դեմք է, դատավորները «հալած յուղի տեղ ընդունել են»:
«Ժողովուրդ»-ը նկատում է, որ կայացված վճիռները վտանգավոր են այնքանով, որ այսուհետ թերթի խմբագրություն եկած քաղաքացիների դժգոհությունների մասին գրելիս պիտի ծանրութեթև անենք` արժե ռիսկի դիմել և քաղաքացու խոսքերը մեջբերել: Նույն հաջողությամբ իշխանական ուժերը ցանկացած պահի կարող են որևէ մեկին ուղարկել խմբագրություն, տեսարան բեմադրել, որևէ խնդիր բարձրացնել, ապա թերթին պատժել` այդպես հասցնելով սնանկացման:
«Բայց «Ժողովուրդ»-ը չի նահանջելու և աշխատելու է այն ոճով ու ոգով ինչպես մինչ օրս: Տուգանքների չափը մեզ ամենևին չի մտահոգում` անկախ դրանց զրոների քանակից: Մեզ համար գլխավորը մեր ընթերցողն է, նրա խոսքը տեղ հասցնելու հնարավորության ստեղծումը»,- հավելում է թերթը:








































