Թուրքական Radikal թերթում հրապարակվել է Սևգի Օզքյանի «Մենք հեռանում ենք Արևմուտքից, միգուցե արևմտականացումից» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ աստիճանաբար նվազում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համակիրների քանակը: Գնալով ավելի քիչ մարդ է հավատում, որ Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին: Բնակչության մոտ 30 տոկոսն էլ կարծում է, որ Թուրքիան որևէ օգուտ չի ստանա ԵՄ-ին անդամակցելուց: Այս ամենի պատճառը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ չիրականացված սպասումներն են:
Սիրիայում առկա իրավիճակի հետ կապված կոնֆլիկտային մթնոլորտն ու այն մտավախությունները, որ Մերձավոր Արևելքի իրադարձությունները կարող են վերաբերել նաև մեր երկրին, մեզ հնարավորություն են ընձեռում ավելի լավ հասկանալ ԵՄ-ի իմաստն ու արժեքը՝ մեր մարդկային կապիտալի զարգացման համար:
Ի հայտ են գալիս առանձին ցուցիչներ, որ Թուրքիան կարող է թաղվել մերձավորարևելյան ճահճուտում: Հետևաբար սխալ են այն պնդումները, թե անհրաժեշտ է վստահել ազգային էկոնոմիկային և հրաժարվել ԵՄ-ին անդամակցելուց: Երկրի զարգացման չափման համար բավական չեն տնտեսական չափանիշները:
Շատերն ուշադրություն են հատկացրել այն փաստին, որ մեր երկրի արժեքը Մերձավոր Արևելքում ու իսլամական աշխարհում ընկալվում է Արևմուտքի պրիզմայով: Այլ կերպ ասած՝ Թուրքիան, որպես ԵՄ-ի թեկնածու երկիր, զգալիորեն բարձրացնում է իր նշանակությունն աշխարհում և հատկապես Իսլամական Արևելքի աչքում:
Հարցի այդ կողմը հատկապես կարևոր է այն առումով, որ իսլամական աշխարհում պահպանվի «ավագ եղբոր» ազդեցությունը: Մենք ցանկանում ենք կամրջի վերածվել Արևմուտքի ու Արևելքի միջև, և մեր այդ ձգտումը փոփոխություն չի կրել: Պետք չէ հետևել այն տրամաբանությանը, թե մենք ԵՄ-ի կարիքը չունենք, քանի որ մեզ մոտ իրավիճակն ավելի լավ է, քան այնտեղ:
Չպետք է կարծել նաև, որ մեր տնտեսությունը կախված չէ Արևմուտքում բռնկված ճգնաժամից, քանի որ գլոբալ փոխգործակցության պատճառով նմանատիպ ճգնաժամը վերջիվերջո այս կամ այն ձևով կառնչվի նաև մեզ հետ: Պետք է գտնել մեր սեփական դիրքորոշումը մի շարք կարևոր խնդիրների շուրջ:
Պետք է ընտրել երկրի զարգացման հետագա ուղին, քանի դեռ մենք չենք հայտնվել «արևմտյան» և «արևելյան» ուղղությունների միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև: Կախված այդ որոշումից՝ մենք կամ կշարունակենք հավատարիմ մնալ արևմտյան նույնականության շրջանակին, կամ էլ կփոխենք մեր դիրքորոշումն ու կվերածվենք Մերձավոր Արևելքի մուսուլման երկրի»:







































