Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգի լիագումար նիստում Սիրիայի հարցով բանաձև է ընդունել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բռնությունը երկրում, իսկ նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ հեռանալ իշխանությունից:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, խորհրդարանականները նշել են, որ Սիրիայի իշխանությունները անհապաղ պետք է դուրս հանեն կառավարական զորքերը շրջապատված քաղաքներից և ապահովեն միջազգային մարդասիրական օգնության և համաշխարհային ԶԼՄ-ների մուտքը այդ տարածքներ:
Բանաձևում խորհրդարանականներն ափսոսանք են հայտնում առ այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրը մինչ օրս չի կարողացել կոշտ բանաձև ընդունել Սիրիայի դեմ և պահանջել դադարեցնել «արյունալի ջարդը»: Ոստի նրանք կոչ են արել Ռուսաստանին և Չինաստանին պատասխանատվություն ցուցաբերել և ԱԽ-ում աջակցել համապատասխան փաստաթղթին:
Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին ավելացնել ճնշումն Ասադի վարչակարգի վրա այսպես կոչված «սահմանափակող միջոցների» օգնությամբ՝ նոր պատժամիջոցներ ընդունելով Սիրիայի իշխանություններին ֆինանսապես աջակցող ընկերությունների դեմ:
Բանաձևը նաև կոչ է անում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին շարունակել աջակցել սիրիական ընդդիմության միավորմանը, իսկ ԵՄ-ին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բնակչությանը և ֆինանսական օգնություն՝ Սիրիայից փախստականներ ընդունող հարևան երկրներին՝ Թուրքիային, Լիբանանին և Հորդանանին:







































