Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը լրագրողներից լսեց, որ իր ղեկավարած ոլորտում Վերահսկիչ պալատը գիտական թեմաների կրկնակի ֆինանսավորման դեպքեր և այլ չարաշահումներ է հայտնաբերել և այդ մասին երկու օր առաջ զեկույց ներկայացրել ԱԺ-ում:
Հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ լրագրողներն այսօր կառավարությունում պարզաբանումներ խնդրեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից: Վերջինս անտեղյակ դեմքով ասաց, թե չի հասկանում` խոսքն ինչ չարաշահումների մասին է: Նա նշեց, որ որոշակի չարաշահումներ 2010 թվականին էին հայտնաբերվել: Լրագրողներից մեկը հիշեցրեց` խոսքը Գիտության պետական կոմիտեի կողմից թեմաների կրկնակի ֆինանսավորման մասին է:
«Էդ որտե՞ղ է եղել: Չէ, չեմ իմացել, երեկ ես մի մոմենտ լսեցի: Որտեղի՞ց պիտի ես իմանամ, նրանք մեզ չեն ներկայացնում իրենց հաշվետվությունը: Տեղյակ չեմ. եթե տպագրվի, նոր տեղյակ կլինեմ»:
Միաժամանակ, Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ֆինանսավորումն իրականացնում է Գիտության պետական կոմիտեն, և կոմիտեն էլ պետք է պատասխանի այդ հարցին:









































