Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը, որը հանրության առաջ չէր երևացել սեպտեմբերի 1-ից, տեղի ԶԼՄ-ների կողմից հիշատակվում է այն մարդկանց ցանկում, ովքեր ցավակցություն են հայտնել մահացած կուսակցական գործիչ Խուան Ժուանի ընտանիքին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գրառումը, որում հիշատակվում է Սի Ցզինպինի անունը, հայտնվել է մի քանի պարբերականներում և Կոմունիստական կուսակցության կայքում: Սի Ցզինպինից բացի, դրանում հիշատակվում է Հու Ցզինտաոն և այլ երկրների առաջնորդներ, որոնք «տարբեր» միջոցներով» ցավակցություն են հայտնել մահացածի ընտանիքին: Սի Ցզինպինի խոսքերը չեն մեջբերվում:
102-ամյա Խուան Ժունը մահացել է սեպտեմբերի 6-ին՝ հաջորդ օրն այն բանից հետո, երբ Չինաստանի փոխնախագահը չեղյալ համարեց իր հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Վերջին անգամ Սի Ցզինպինը հանրության առաջ երևացել է սեպտեմբերի 1-ին, սակայն նրա անհետացման վրա ԶԼՄ-ներն սկսեցին ուշադրություն դարձնել մի քանի օր անց, երբ չեղյալ հայտարարվեցին նրա մասնակցությամբ մի շարք միջոցառումներ: Փոխնախագահի անհետացման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արվել:
Այս կապակցությամբ արևմտյան և Չինաստանի սահմաններից դուրս չինական մամուլում տարբեր ենթադրություններ են արվում: Մասնավորապես, քննարկվում է այն տարբերակը, որ Սի Ցզինպինին փորձել են սպանել: Ենթադրվում է նաև, որ նա ուղեղի մասնակի կաթված է տարել: Չինաստանի որոշ բլոգերներ հայտնում են, որ նա հանրության առաջ չի երևում մեջքի վնասվածքի պատճառով:
Չինաստանի իշխանությունները Twitter-ի չինական տարբերակի սոցցանցում արգելափակել են «Սի Ցզինպին», «մեջքի վնասվածք», «փոխնախագահ», «ժառանգորդ» հարցումները:








































