Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատի ժամացույցի աշտարակը, որը հայտնի է Բիգ Բեն անունով, ի պատիվ երկիրը 60 տարի ղեկավարած թագուհու,պաշտոնապես անվանափոխվել է` կոչվելով Էլիզաբեթի աշտարակ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Անվանափոխության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին: Աշտարակի նոր անվանումով ցուցանակը ներկայացրել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:
Աշտարակը վերանվանելու առաջարկը արվել էր 2012-ի գարնանը` միապետի ղեկավարման ադամանդե հոբելյանից առաջ: Հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ առաջարկին կողմ են քվեարկել բրիտանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների կեսից ավելին, իսկ հունիսի վերջին համապատասխան փոփոխությունը հաստատել է Համայնքների պալատի կոմիտեն:
Էլիզաբեթ II թագուհին գահ է բարձրացել 1952 թվականին, հոր` Գեորգ VI-ի մահից հետո: Գահին գտնվելու երկարատևությամբ Էլիզաբեթ II-ը բրիտանական թագավորական տան պատմության մեջ երկրորդ տեղում է` զիջելով միայն երկիրը 63 տարի ղեկավարած Վիկտորյա թագուհուն:
Վեսթմինսթերյան պալատի աշտարակը կառուցվել է 1858 թվականին: 96,3 մետր բարձրությամբ աշտարակը Լոնդոնի խորհրդանիշներից մեկն է:







































