Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ՝ խոսելով իր նպատակների, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի՝ Ադրբեջանի հանդեպ տարած հաղթանակի մասին:
«Երեկ մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել, սակայն ճիշտ է, որ Ադրբեջանը բարդ մրցակից է: Երկու խաղ, վեց միավոր. առաքելությունը կատարված է: Ի վերջո մենք հասանք այն արդյունքին, որի համար ժամանել էինք հավաքական: Իսկ հիմա ժամանակն է վերադառնալ ակումբին:
Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ պայմանագրի վերաբերյալ ոչ մի անհանգստություն չունեմ: Իմ նպատակն այն է, թե ինչպես հաղթեմ ցանկացած խաղում ու նվաճեմ բոլոր հնարավոր տիտղոսները «Ռեալ»-ի կազմում»,- Marca-ն, վկայակոչելով Facebook-ի ֆուտբոլիստի էջը, մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն թիմից առաջինն է ժամանել «Ռեալ»-ի մարզաբազա, որը գտնվում է Վալբաբեբասում:







































