Հարավային Կովկասի 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, 2011թ.-ին գործազրկության ամենամեծ ծավալը գրանցվել է Վրաստանում՝ 55%, Հայաստանում այն 44% է, Ադրբեջանում՝ 28%, սակայն աղքատության ամենամեծ մակարդակը Հայաստանում է՝ 16%, այն դեպքում, երբ Վրաստանում աղքատությունը 10% է, Ադրբեջանում՝ 11%: Հայաստանն «առաջատար» է նաև գնաճի մակարդակով՝ 7%: Վրաստանում գնաճը 2011-ին 5% է, Ադրբեջանում՝ 4%:
Աշխատավարձի ցածր լինելուց ավելի շատ դժգոհել են Հայաստանում, ապա` Ադրբեջանում, իսկ հետո` Վրաստանում: ՀՀ-ում 100-250 դոլար եկամուտ ունի քաղաքացիների 33%-ը, Վրաստանում՝ 26%-ը, Ադրբեջանում՝ 23%-ը, 250-400 դոլար եկամուտ՝ Հայաստանում՝ 28%-ը, Վրաստանում՝ 11%-ը, Ադրբեջանում՝ 32%-ը: Ադրբեջանում համեմատաբար բարձր է նաև 400-800 դոլար եկամուտ ունեցողների քանակը՝ 32%, իսկ Վրաստանում բավականին բարձր է 50-100 դոլար եկամուտ ունեցողների թիվը՝ 49%:
Ցածր կենսաթոշակները 3 երկրներում հավասարապես անհանգստացնում են քաղաքացիներին:
Զբաղվածության մակարդակը Հայաստանում 38% է (նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել), Վրաստանում նույնպես 38% է (նախորդ տարվա 30%-ի փոխարեն), Ադրբեջանում՝ 39% (չի փոփոխվել):
Այս ցուցանիշները ներառված են «Կովկասյան բարոմետր 2011» հետազոտությունում, որն իրականացրել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը»: Հարցումներին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6 հազար տնային տնտեսություններ:









































