Ամերիկացի դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում Diane von Furstenberg նորաձևության տան գարնանային հավաքածուի ցուցադրության «մասնակից» է դարձրել նաև Google ընկերության Project Glass ինտերակտիվ ակնոց-համակարգչին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Մոդելներից բացի` Project Glass ակնոց են կրել նաև Ֆյուրստենբերգն ու Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը:
Տեղեկություններ կան, որ ակնոցով նորաձևության ցուցադրության ժամանակ DVF through Glass անվանումը կրող կարճամետրաժ ֆիլմ է նկարահանվել: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 13-ին` YouTube-ում Google-ի ալիքում, Google+ սոցցանցում` նորաձևության տան կայքում:
Նշենք, որ իրենից մինի համակարգիչ ներկայացնող ակնոցը Google-ը ներկայացրել է այս գարնանը: Օգտատերը այն կարող է ղեկավարել ձայնի միջոցով:
Մշակողների համար ակնոցի փորձնական տարբերակը կթողարկվի 2013 թվականին, իսկ մեկ տարի անց դրանք կհայտնվեն վաճառքում: Մշակողների համար նախատեսված տարբերակը կարժենա 1500 դոլար, իսկ դուրս գալով շուկա՝ գինը կիջնի:







































