«Առաջին լրատվական»-ը շարունակում է բացառիկ հարցազրույցների շարքը արտաքին քաղաքականության վերլուծաբանների հետ: Այս անգամ մեր հարցերին պատասխանել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի փորձագետ Ստեֆան Մեյստերը:
– Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարությունները Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ: Ի՞նչ են դրանք նշանակում:
– Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները շատ թույլ էին և չէին արտահայտում միջազգային իրավունքի սկզբունքային խախտումը Ադրբեջանի կողմից: Դա նաև ցույց է տալիս, որ Մինսկի խումբն ունակ չէ համապատասխան գնահատական տալու այն բռնություններին, որոնք տեղի են ունենում Ղարաբաղյան կոնֆլիկտի ենթատեքստում: Առաջին հերթին այն ցույց է տալիս Մինսկի խմբի թույլ և անօգնական կարգավիճակը և խմբում կողմերի տարբեր հետաքրքրությունները:
– Ինչ եք կարծում՝ Սաֆարովի էքստրադիցիան կփոխի՞ ստատուս քվոն Հարավային Կովկասում, և ի՞նչ փոփոխություններ եք Դուք կանխատեսում:
– Սաֆարովի դեպքը կշիկացնի հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այն նաև չի աջակցի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵՄ-ն իր անդամ պետության՝ Հունգարիայի հետ կորցրեց վստահելիությունն այն ոլորտում, ինչպիսին է օրենքի գերակայությունը, որը հետագայում կթուլացնի Եմ դերը բանակցային գործընթացում:
– Ինչպե՞ս Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման վրա: Հաշվի առնելով Ռամիլ Սաֆարովի փառաբանումը՝ «Ադրբեջանի ենթակայությամբ Ղարաբաղի ինքնավարություն» ծրագիրը դեռևս ընդունելի՞ է:
– Ես կարգավիճակի փոփոխություններ չեմ տեսնում: Ստեղծված իրավիճակը ցանկացած խաղաղ կարգավորման գործընթաց ավելի կդժվարեցնի և կքաջալերի երկու կողմերից շատերին անել այն, ինչ Սաֆարովն արեց: Սա կհանգեցնի բռնությունների, որը կշիկացնի հակամարտությունը:











































