Սիրիայի ազգային համակարգող հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդդիմադիր ուժերի «Հանուն Սիրիայի փրկության» կոմիտեի համաժողովը, որը պետք է տեղի ունենար Դամասկոսում սեպտեմբերի 12-ին, տեղափոխվել է սեպտեմբերի 23-ին:
Կոմիտեի կայքում նրա ղեկավար Ռաջա Ալ-Նասերը հայտնում է, որ ժամկետի տեղափոխումը բացատրվում է կազմակերպիչների առաջ կանգնած մի շարք դժվարություններով: Այդ դժվարությունների բնույթը չի նշվում: Սակայն հետազոտողների կարծիքով՝ խոսքը ներքին ընդդիմության տարբեր խմբավորումների միջև տարաձայնությունների և համաժողովին մասնակցելու համար արտասահմանից եկող մասնակիցներին անվտանգության երաշխիքներ տալու մասին է:
Համաժողովին պետք է մասնակցեն Սիրիայի ներքին ընդդիմության շուրջ 20 կուսակցությունների և քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներ: Հրավերներ ուղարկվել են նաև դրսում գործող ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք «մերժում են բռնությունը, արտաքին ռազմական միջամտությունը, վարչակարգի արմատական փոփոխության գաղափարը»:









































