Արագածոտնում և Սյունիքում այսօր մեկնարկել է 2010-2011 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որի վերջնաժամկետը մարտի 11-ն է:
Մրցույթի տարածքային փուլին մասնակցել էր 2,242 դպրոցականներ` բոլոր տարածաշրջաններից:
Նրանցից լավագույն արդյունքներ են ունեցել 646-ը, ովքեր էլ իրավունք են ստացել իրենց մասնակցությունը շարունակել մարզայինում: Իբրև նորություն` այս տարի ավելացել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան, որի հանդեպ հատկապես լավագույն արդյունքներ են ցուցաբերել աղջիկները: Մասնագետների կարծիքով, արդեն ավանդական դարձած այս մրցույթին թեպետ աշակերտների կողմից առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերվում հումանիտար առարկաների նկատմամբ, սակայն արդյունքները գոհացուցիչ են լինում բոլոր առարկաներից:
Օլիմպիադայի առաջին օրը նվիրված է «Մաթեմատիկա» առարկային: Այն կայանալու է Աշտարակի ավագ դպրոցում, որին կմասնակցի 60 աշակերտ: Փետրվարի 26-ին Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան հիմնական դպրոցում կմեկնարկի «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադան` 100 մասնակիցներով:
Սյունիքի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցում են օլիմպիադայի տարածքային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 460 աշակերտներ:
Մարզպետարանի կրթության բաժնից տեղեկացնում են, որ օլիմպիադան կանցկացվի 16 առարկայից` նախատեսված 17-ի փոխարեն, քանի որ տարածքային փուլում «Աստղագիտություն» առարկայից հաջող հանդես եկած աշակերտներ չկան:
Ընդհանուր առմամբ օլիմպիադայի տարածքային փուլի արդյունքները, որին մասնակցել են ավելի քան 3 հազար աշակերտներ, գոհացուցիչ են: Աշակերտները մի փոքր դժվարացել են «Մաթեմատիկա» առարկայից, որի նյութը փոքր-ինչ բարդ է եղել:










































