«Հայաստանում ինքնասպանությունների թիվը չի աճել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը: Նա անդրադարձավ ինքնասպանությունների դրդապատճառներին, Հայաստանում այդ երևույթի տարածվածությանը:
Ըստ հոգեբույժի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սանդղակում Հայաստանն իր ցուցանիշով նախավերջին տեղն է զբաղեցնում` 100 հազար մարդուն` 1,9 ինքնասպանություն: Բանախոսի խոսքով՝ ինքնասպանությունները հիմնականում տարածված են եվրոպական երկրներում:
«Ինքնասպանություն գործելու ցուցանիշով աշխարհում առաջին 10 երկրները Եվրոպայում են: Կան երկրներ, որտեղ շեշտակիորեն աճել է ինքնասպանությունների թիվը` ինչպես Հունաստանում: Պատճառը համարվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը, թեև Իսպանիայում ևս ճգնաժամ է, սակայն այստեղ ինքնասպանությունների թվի աճ չի նկատվում: Ամբողջ աշխարհում կանխարգելման մասին են մտածում: Պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, որոնց հետ շփվում ենք: Մեզ մոտ ինքնասպանությունների թվի աճ չի նկատվում»,- մեկնաբանեց Սամվել Թորոսյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասաց, որ ինքնասպանությունների կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն ԶԼՄ-ները. սխալ լրատվությունը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ:
«Ինքնասպանության մասին լուրերը չպետք է տեղ գտնեն ԶԼՄ-ների առաջնորդողներում, քանի որ դրանք կարող են նպաստել այլ ալիքների առաջացմանը. դա գիտականորեն է ապացուցված»,- ասաց հոգեբանը:








































