ՈւԵՖԱ-ն պաշտոնապես որոշում է կայացրել՝ նորվեգացի մրցավար Սվեյն Օդվար Մոյենին նշանակելով Վրաստան – Իսպանիա հանդիպման գլխավոր մրցավար: Այս խաղը տեղի է ունենալու երեքշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաքում: Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, նաև մարզիչն անհանգստացած են: Բանն այն է, որ այս մրցավարի՝ ընդամենը մեկ տարի առաջ կատարած սխալը վստահ լինելու որևէ շանս չի տալիս իսպանացիներին: Այս մրցավարը երբեմն իրոք չի նկատում, որ խաղադաշտում ոչ թե կոպիտ, կոշտ, այլ վայրենի պայքար է մղվում:
Հիշեցնենք, որ նորվեգացի մրցավարին՝ Մոյենին, հանձնվել էր Չեմպիոնների լիգայի՝ «Դինամո Զագրեբ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի համբերության բաժակը գրեթե լցվում էր, սակայն ֆուտբոլիստը միայն խաղից հետո խոսեց մրցավարի մասին:
«Մրցավա՞րը. սարսափելի է: Հուսով եմ՝ նրա նման մրցավարներ էլ չկան»,- մասնավորապես ասել էր պորտուգալացին: Նշենք, որ խաղից հետո Ռոնալդուն ուներ աջ ծնկի կոճի ծանր վնասվածք, որը բուժելու համար անգամ մի քանի կար տվեցին:
Ռոնալդուին վնասվածք հասցրած ֆուտբոլիստը, որի համար այդ խախտումը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջինն էր այդ խաղում, այնուամենայնիվ, մինչև հանդիպման ավարտը մնաց խաղադաշտում՝ չնայած կարմիր քարտը վաղուց «վաստակած» լինելուն:
Հավելենք նաև, որ Օդվար Մոյենին մրցավարի միջազգային կարգն ստացել է 2009 թվականից:








































