Օրենքով սահմանված կարգով 20:00-ին ավարտվել է ընտրական գործընթացը և փակվել են ընտրական տեղամասերը: 20 անց 15-ին հանձնաժողովականները գումարել են իրենց վերջին` 4-րդ նիստը, որից հետո սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը: Նախատեսվածի համաձայն սկզբում բացվել են ավագանու ընտրության քվեատուփերը, ավագանու անդամության թեկնածուների ձայների հաշվարկից հետո կսկսվի քաղաքապետի թեկնածուների ձայների հաշվարկը:
Galatv.am-ին թիվ 34 ԸԸՀ-ից ու նաև ընտրատեղամասերից տեղեկացրել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախնական տվյալները այս անգամ նախորդների համեմատ ավելի ուշ կհրապարակվեն: Պատճառն ըստ հանձնաժողովականների, ավագանու անդամության թեկնածուների մեծ թիվն է:
Ընտրողների համեմատաբար քիչ թիվ ունեցող ընտրատեղամասերում նախնական տվյալներ հավանաբար կհաղորդվեն ժամը 23-ի սահմաններում, իսկ քաղաքապետի ընտրությունների արդյունքների մասին տվյալները ժամը 1-ից ոչ շուտ:
Asparez.am-ի փոխանցմամբ Գյումրու բոլոր 79 տեղամասերի տվյալներով ընտրություններին մասնակցել է 46045 ընտրող, ինչը կազմում է Գյումրու ընտրողների 36,5 տոկոսը: 2008 թվի ՏԻՄ ընտրություններում մասնակցել էր 52270 հոգի, մոտ 6000-ով ավել այսօրվանից:










































