Շաբաթ երեկոյան սիրիական ուժերը երկրի արևմուտքում գրոհայիններին հետևելիս հրթիռակոծել են Իրաքի տարածքը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Իրաքի արտգործնախարարությունը հաղորդել է, որ 4 հրթիռ ընկել է սահմանային Էլ-Քաիմ քաղաքի բնակելի տների վրա: Հրթիռակոծման հետևանքով զոհվել է 4-ամյա մի աղջնակ:
Հանրապետության ԱԳՆ-ն այս առնչությամբ նախազգուշացրել է, որ չնայած Բաղդադը սիրիական հակամարտությունում չեզոք դիրքորոշում ունի, սակայն իրաքյան բանակը միջադեպի կրկնման դեպքում պատասխան գործողությունների իրավունք է վերապահում իրեն:
Նշենք, որ իրաքյան Էլ-Քաիմ քաղաքում է տեղակայված սիրիացի փախստականների էվակուացիոն խոշորագույն կենտրոներից մեկը: Ներկայում Իրաքում են գտնվում շուրջ 4000 սիրիացի փախստականներ:









































