Այսօր` սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13.00-ի սահմաններում «Ֆորդ Մոնդեո» մակնիշի 15 ՍՏ 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Օրբելու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին կայանված բեռնատարին, այնուհետև հարվածել ծառին և պատին` հայտնվելով մայթին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով 5 հոգի` 2 աղջիկ, 3 տղա, հիմնականում երիտասարդներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի քանի հիվանդանոցներ:
Գագիկ Շամշյանը հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխված 2 աղջիկները մահացել են:
Առաջինը տուժածներին օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները, ինչից հետո արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` հրամանատար Եղիշ Ենգիբարյանի և հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները` մի քանի մարտական հաշվարկներով:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի, մահացած անձանց և վիրավորների ինքնությունը:








































