Գյումրիում ընտրություններն անցնում են բավականին լարված մթնոլորտում: Վաղ առավոտից «Առաջին լրատվական»-ի թղթակիցը ընտրողներից ստանում է ահազանգեր այն մասին, որ անձնագրերում դրվող կնիքների թանաքն անհետանում է: Առանձին ընտրատեղամասերի դիմաց հավաքվել է հոծ բազմություն, կան բազմաթիվ մեքենաներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընտրողներից մեկը նշեց. «Ես անձամբ տեսա, թե ինչպես ծրարի մեջ դրված քվեաթերթիկը տվեցին մեկին ու ասացին`գցիր քվեատուփի մեջ. այսպես են ընտրություններ անցկացնում»:
Ւսկ թիվ 34/74 ընտրատեղամասում ընտրողներից մեկը չի ցանկացել, որ իր անձնագրում կնիք դրվի, ինչը, սակայն, արգելել է ընտրատեղամասի նախագահը:
«Առաջին լրատվական»-ի թղթակիցը նույն ընտրատեղամասում արձանագրել է նաև, որ համապատասխան ծրարները սխալ կերպով են բաժանվում: Ընտրողներին հանձնաժողովականները տրամադրել են միայն սպիտակ ծրար, ինչը օրենքի խախտում է: Տեղամասի նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ պատճառը լարվածությունն է, և իրավիճակը կփորձեն արագ կարգավորել:







































