Ֆիննական Nokia ընկերությունը ստիպված է եղել բացատրություններ տալ` կապված գովազդային արտառոց տեսահոլովակի հետ, որը նվիրված է նոր Lumia 920 սմարթֆոնի թողարկմանը:
Ընկերությունում հայտարարել էին, որ տեսահոլովակի միջոցով ցանկացել են բացատրել հատկապես «լողացող ոսպնապակու» սկզբունքը` չնշելով, որ տեսանյութը նկարահանված է նոր սմարթֆոնի տեսախցիկի միջոցով:
Nokia-ի տեսանյութում ցուցադրվել են նոր սմարթֆոնի առավելությունները. մեծ ուշադրություն է հատկացվել լուսանկարների և տեսահոլովակների հնարավորություններին: Տեսահոլովակի հերոսները տղամարդ և կին են, որոնք հեծանիվ են վարում: Շարժման ընթացքում տղամարդը կնոջը լուսանկարում է Nokia Lumia 920-ով:
Հանդիսատեսին ցուցադրվում է երկու նկար` անջատված և միացված հավասարակշռող համակարգով: Առաջին նկարը կարծես պրոֆեսիոնալ ֆոտոխցիկի լուսանկար լինի: Որոշ բլոգերներ, սակայն, վերլուծելով տեսահոլովակը, եզրակացրել են, որ այն սմարթֆոնի տեսախցիկով չի նկարվել: Այս հանգամանքը մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ Nokia-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել առաջացած անհասկանալի իրավիճակի համար:











































